ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ 1996 թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՀարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի երգչախմբային հեղինակավոր կոլեկտիվ: 2009 թ. երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ (ԵՊԿԵ): ԵՊԿԵ-ն բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: «Գերմանիայում հայ մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն ներկայացրել է Կոմիտասի վերականգնված պատարագը, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, ապա Սիրիայում և Լիբանանում (1998թ.): 1999 թ. երգչախումբը ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրեց ձայնասկավառակ։ Երգչախմբի հետ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Կիմ Քաշքաշյանը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, «Լա Սկալա» թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, «Frankfurter Kantorei»-ն՝ Ուինֆրիդ Թոլի ղեկավարությամբ։ ԵՊԿԵ-ն «Լույս ի լուսո» նախագծի շրջանակներում ականավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է դաշնամուրի և երգչախմբի համար դաշնակահարի մշակած հոգևոր երաժշտության ալբոմը (2014թ., ECM Records): 2015թ. Տ. Համասյանը և երգչախումբը բազմաթիվ հյուրախաղեր են ունեցել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում և Վրաստանում: Երգչախումբն առաջին անգամ կատարել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012 թ.), Կարա Մուրզայի առաջին բազմաձայն պատարագը (2013 թ.) և Ա. Այտնյանի և Ջ. Բյոմի «Մխիթարյանց պատարագը» (2014 թ.): Երգչախումբը թողարկել է 16 ձայնասկավառակ, այդ թվում՝ «ԿՈՄԻՏԱՍ վարդապետի երաժշտությունը» ձայնասկավառակը, որը Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայ երաժշտության մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակին: 2021-ից ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։ 2022թ.-ի սեպտեմբերի 21-ից 25-ը Երևանի պետական կամերային երգչախումբը մասնակցություն ունեցավ Լեհաստանում անցկացվող ամենամյա միջազգային «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին, որ թվով 41-րդն էր: ԵՊԿԵ-ն համերգներ ունեցավ Վարշավայում Սուրբ Երրորդության Ավետարանական Աուգսբուրգ եկեղեցում և Բելիստոկ քաղաքի ֆիլհարմոնիայի և օպերայի դահլիճում (Podlasie Opera and Filharmonic in Bialystok): Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացավ առաջին մրցանակին՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում: |