Բասեր

Երգչախմբի Տնօրեն

Վիլյամ Մաքսիմի Վայները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է (2008), Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ (2013), «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ (1994), Երևանի Պետական Կամերային Երգչախմբի տնօրեն (2018)։

Մաեստրո Վիլլի Վայները ծնվել է 1955 թ․ նոյեմբերի 25-ին Երևանում, հրեական ընտանիքում։ Հայտնի կոմպոզիտոր է, երաժշտա-հասարակական գործիչ, ով իր ճանապարհը սկսել է Չայկովսկու անվան տասնամյա միջնակարգ երաժշտական դպրոցից (1963-1974), այնուհետև սովորել է և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ժան Տեր-Մերգերյանի ջութակի դասարանը (1974-1979)։ Լինելով հիանալի երաժիշտ-կատարող, նա ունի ջութակահարի, երգչի և հեղինակ-կոմպոզիտորի ավելի քան 45-ամյա աշխատանքային փորձ։

Մաեստրո Վայների արվեստն ինքնատիպ է ու եզակի իր տեսակի մեջ։ Նա հեղինակ է բազում սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների։ Վիլլի Վայները հրեական դասական երաժշտական մշակույթի վառ ներկայացուցիչներից է, որը նշանակալի ներդրում ունի դրա զարգացման և տարածման գործում։ Նրա երաժշտությունն այսօր հնչում է հայտնի երաժիշտների կատարմամբ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, Իսրայելում, Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում։

Վիլլի Վայների հասարակական գործունեությունը արժանի է հատուկ ուշադրության: Նա մեկն էր 70-ականների հրեական շարժման առաջնորդներից, ով կանգնած էր Հայաստանում հրեական համայնք ստեղծելու գաղափարի ետևում: 1992-1995թթ. հանդիսացել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար: 1994-ին նա հիմնեց «Մենորա» Հրեական Մշակութային Կենտրոնը: Մինչ օրս իր գլխավորությամբ տեղի են ունենում փառատոններ, համերգներ և այլ բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Երկրի դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ասպարեզներում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ մաեստրո Վիլլի Վայները պարգևատրվել է ՀՀ Մաշակույթի նախարարության Ոսկե մեդալով (2015)։

Facebook Youtube

?>